«ՖԻԶԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ.
(Հիմնական դպրոցի «Ֆիզիկա» առարկայի ծրագիր և գնահատման չափորոշիչներ).
1.1. Ֆիզիկայի ուսուցման նպատակներն ու խնդիրները.
Մեզ շրջապատող աշխարհում ամենուրեք հանդիպում ենք գիտական և տեխնիկա- կան նվաճումների բազմաթիվ վկայությունների: Գիտությունը դարձել է և հետագա- յում էլ կմնա որպես մարդկային հասարակության զարգացումն ապահովող իրական ուժ: Ուստի յուրաքանչյուր անհատ, ով ձգտում է հասկանալ աշխարհը, կամ ցանկանում է այն վերափոխել, պետք է ծանոթ լինի ժամանակակից գիտության և տեխնիկայի հիմունքներին:
Համամարդկային մշակույթի և գիտության կարևոր բաղադրատարր է ֆիզիկան: Այն ընդարձակում և միաժամանակ ճշգրտում է Տիեզերքի, բնության տարբեր իրերի ու երևույթների մասին մեր ունեցած պատկերացումները:
Ֆիզիկայի կարևորագույն դերը գիտության մեջ և հասարակական կյանքում պայմանավորված է ժամանակակից ֆիզիկայի գաղափարների և հետազոտական մեթոդների հարստությամբ ու բազմազանությամբ, ինչպես նաև` իմացաբանության(գիտական իմացության մեթոդների, տեսությունների կառուցման սկզբունքների, նրանց կիրառելիության սահմանների մասին ուսմունքի) մեջ նրա ունեցած ծանրակշիռ ավանդով ու աճող ազդեցությամբ: Ֆիզիկայում կատարված հայտնագործությունները ոչ միայն ընդարձակում են մեր գիտելիքները բնության մասին, այլև հաճախ կարևորագույն դեր են խաղում այլ գիտությունների զարգացման գործում: Այսպես, քվանտային տեսության հայտնագործումը քիմիկոսներին թույլ տվեց ըմբռնել նյութի քիմիական կառուցվածքի և քիմիական ռեակցիաների մասին կուտակված փաստերի ողջ բազմազանությունը: Պինդ մարմիններում ալիքների տարածման օրենքների ձևակերպումը երկրաբաններին հնարավորություն ընձեռեց Երկրի ընդերքը հետազոտելիս կիրառել երկրաշարժաբանության մեթոդները: Ֆիզիկոսների կողմից ստեղծված գազային հոսքերի տեսությունը բացառիկ կարևոր դեր է խաղում օդերևութաբանության և օվկիանոսագիտության մեջ:
Հսկայական է ֆիզիկայի ազդեցությունը հասարակության արտադրական ուժերի զարգացման վրա: Ժամանակակից տեխնիկայի մի շարք բնագավառներ` էլեկտրոնիկա, միջուկային տեխնիկա, հրթիռաշինություն, ռադիոտեխնիկա և այլն, այնքան սերտորեն են կապված ֆիզիկային, որ դարձել են նրա անբաժանելի մասը: Միաժամանակ, գիտության և տեխնիկայի ավանդական բնագավառներում նոր ֆիզիկական գաղափարների կիրառումը հաճախ բերում է որոշ խնդիրների սկզբունքորեն նոր լուծումների: Այս ամենը ծառայում է մարդու կենսամակարդակի բարձրացմանը:
Մարդկության անընդհատ զարգացման գործում հսկայական է ինտելեկտուալ խթանների դերը: Ֆիզիկան հնարավորություն է ընձեռում բավարարել մարդու անսպառ հետաքրքրասիրությունը, խնդիրներ առաջադրում անհայտ, չհետազոտված բնագավառներում, որոնց լուծումները պահանջում են ստեղծագործական կարողությունների և տրամաբանական մտածողության անընդհատ զարգացում:
Ֆիզիկան հնարավորություն է տալիս բացատրել մեր շրջապատում տեղի ունեցող երևույթները, կանխատեսումներ անել, ստեղծել նոր տեխնիկա:
Մասնագիտական ինչպիսի գործունեություն էլ մարդը ծավալի, ֆիզիկայից ստացած գիտելիքները նրան պետք են գալու ինչպես կենցաղային բազմաբնույթ խնդիրներ լուծելու, այնպես էլ բնության ու նրա օրենքների մասին ընդհանուր պատկերացումներ կազմելու համար:
Ուսումնասիրվելով ֆիզիկան` մարդկության պատմության մեջ ամենագլխավոր գիտություններից մեկը, առավելագույնս զգում ենք մարդու ձգտումը դեպի իմացություն, ինչը մեծագույն բավարարվածություն է պարգևում կյանքում:
Ֆիզիկայի դասընթացի հիմնական նպատակներն են.
աշխարհի գիտական (ֆիզիկական) պատկերի ձևավորման հիմքերի ստեղծում` հիմնված ֆիզիկայի բնագավառում հայտնի փաստերի և տեսությունների վրա,
ծանոթացում գիտական հետազոտության մեթոդաբանությանը և բնության ճանաչման ֆիզիկական մեթոդներին,
ստեղծագործական ունակությունների, ֆիզիկական երևույթները բացատրելու և տարբեր բնագավառներում կիրառելու, ինչպես նաև սեփական գործունեության հետևանքները կանխատեսելու կարողությունների և հմտությունների զարգացում:
Ֆիզիկայի դասընթացի հիմնական խնդիրներն են`
սովորողներին ծանոթացնել ֆիզիկական օբյեկտներին, երևույթներին ու պրոցեսներին, դրանց փոխադարձ կապերին վերաբերող փաստերին և ընդհանրացումներին,
հաղորդել հիմնական գիտելիքներ նյութի կառուցվածքի, տարբեր երևույթների, նրանց դրսևորման օրինաչափությունների և օրենքների մասին,
ձևավորել դիտումներ կատարելու, փորձեր ծրագրելու և իրականացնելու, վարկածներ առաջադրելու, մոդելներ կառուցելու, տեղեկատվության տարբեր աղբյուրներից օգտվելու, որոշումներ կայացնելու, սեփական գործունեության հետևանքները կանխատեսելու կարողություններ և հմտություններ,
զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը,
զարգացնել ֆիզիկական երևույթների հետազոտման` տեսական ուսումնասիրություններ և փորձեր կատարելու, սարքերի, գործիքների հետ վարվելու, չափումների արդյունքները մշակելու, համեմատելու և վերլուծելու, ընդհանրացումներ կատարելու, պատճառահետևանքային կապերը բացահայտելու կարողություններ,
նպաստել հիշողության, դիտողականության, երևակայության զարգացմանը,
նպաստել մասնագիտական կողմնորոշմանը, զարգացնել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներից օգտվելու և դրանց միջոցով ֆիզիկայից գիտելիքների ինքնուրույն ձեռք բերման կարողություններ,
նպաստել տեխնոլոգիական պրոցեսների պահանջների անվերապահ կատարման և անվտանգության կանոնների պահպանումը գիտակցելու անհրաժեշտության դաստիարակմանը,
նպաստել սովորողների բնապահպանական գիտելիքների ձեռքբերմանը և բնության պահպանության նկատմամբ անձնական պատասխանատվության գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը:
1.2. Դասընթացի կառուցման հիմնական սկզբունքները.
Ֆիզիկան հիմնարար գիտություն է, այն հենվում է բնության մի քանի համընդհանուր օրենքների (սկզբունքների) վրա, որոնք բազմիցս հաստատվել են մարդու պրակտիկ գործունեության ընթացքում: Դասընթացը սովորողներին ծանոթացնում է ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառության ավելի փոքր շրջանակներ ունեցող օրենքներին, նախապատրաստում վերլուծել ֆիզիկական երևույթները` պարզաբանելով և վեր հանելով դրանցում ուսումնասիրված օրենքների դրսևորման ձևերը: Դասընթացում մեծ ուշադրություն է դարձվում սովորողների տեսական գիտելիքներն առօրյա կյանքում կիրառելու կարողությունների ձևավորմանը և զարգացմանը, ինչին կարելի է հասնել շրջապատում հանդիպող տարաբնույթ կիրառական կոնկրետ խնդիրների լուծման միջոցով: Դասընթացում կարևորվում են տարբեր ֆիզիկական օրենքների կիրառելիության սահմանների քննարկումը, միջառարկայական կապերը, ինչպես նաև ինտեգրված մոտեցումը, ինչը նախատեսում է տարբեր առարկաներից գիտելիքների ամբողջականացում: Դասընթացի հիմքում դրվում են նաև` ուսուցման մատչելիության և պարզից դեպի բարդն անցնելու, գիտականության, գործնական կարևորության, պատմականության և հաջորդայնության սկզբունքները, որոնց իրականացումը կնպաստի ինքնագիտակցության բարձր աստիճան ունեցող և պատասխանատվության զգացումով օժտված մարդու ձևավորմանը:
1.3. Առարկայի հիմնական բովանդակային ուղղությունները.
Դասընթացի բովանդակությունը որոշվում է թեմատիկ նյութի ընտրությամբ: Կարևորվում են այն թեմաները, որոնք հիմնական նշանակություն ունեն տվյալ բաժնում հանդիպող երևույթների մեծ մասի բացատրության համար և, բացի այդ, կարող են ունենալ տարբեր գործնական կիրառություններ: Դասընթացում չեն ընդգրկվում նյութեր, որոնք սովորողները չեն կիրառելու հետագա ուսուցման ընթացքում կամ գործնականում: Սակայն ընդգրկվում են նաև այնպիսի հասկացություններ, գաղափարներ և երևույթներ, որոնք, չունենալով զգալի կիրառական նշանակություն, շատ կարևոր են գիտական աշխարհայացքի ձևավորման համար: Հիմնական դպրոցում թեմատիկ նյութի ընտրությունը պայմանավորված է ինչպես սովորողների տարիքային առանձնահատկություններով, այնպես էլ հարակից առարկաների ծրագրերի բովանդակությամբ:
1.4. Ուսումնական գործունեության տեսակները.
Ֆիզիկայի դասընթացը բաղկացած է տեսությունից, ֆիզիկական երևույթների ինքնուրույն և խմբային ուսումնասիրման առաջադրանքներից, տարբեր բնույթի խնդիրներից, լաբորատոր աշխատանքներից, ցուցադրումներից և տնային հանձնարարություններից, որոնք ընդգրկում են նաև հանձնարարություններ էլեկտրոնային դասագրքերից, ինտերակտիվ մոդուլներից: Տրվում են լաբորատոր աշխատանքների, ցուցադրումների, ինչպես նաև հանձնարարելի և ինքնուրույն աշխատանքների համար նախատեսված գրականության ցանկեր (էլեկտրոնային գրադարաններ): Դասընթացում կարևորվում է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործումը ինչպես տարբեր ֆիզիկական երևույթները դինամիկ զարգացման մեջ ցուցադրելու, այպես էլ վիրտուալ փորձեր իրականացնելու համար: