Ոչինչ չի խանգարում մարդուն դառնալ ավելի խելացի, քան նա երեկ էր…Կապիցա
Հարցեր, որոնք շատ պարզ են թվում, բայց պատասխանը միշտ չէ, որ այդքան ակնհայտ է…Գաղտնիքներ, որոնք բացահայտելու համար պետք է ծանոթանալ Տեսություններից ամենագեղեցիկին…և տիզերքը կազմող փոքրիկ աղյուսներին՝ Քվանտներին...
Շրջապատող աշխարհը ճանաչելու, այնտեղ գործող օրենքների և բնության երևույթների միջև փոխադարձ կապը նկարագրող բանաձևերը հասկանալու համար անհրաժեշտ է պարզապես դուրս գալ փողոց կամ նայել պատուհանից՝ նկատել մեր շրջապատի ֆիզիկան: Այստեղ բոլոր տեսակի սահմանումներն ու հաշվարկները հանդիպում են ամեն քայլափոխի:
Դեռևս Գալիլեյի ժամանակներից («Արիստոտելից մինչև Գալիլեյ») մարդկությանը հետաքրել են մարմինների ազատ անկման պատճառներն ու գրավիտացիան ( «Քարն ու փետուրը միաժամանա՞կ…»): Մարդը փորձել է հասկանալ և ուսումնասիրել առօրյայում հանդիպող շարժման տեսակները, մեխանիկական էներգիայի փոխակերպումները («Շարժվող ջրի և քամու էներգիայի օգտագործումը»), փնտրել է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Իսկ Լեոնարդո դա Վինչիի գծագրերը դեռ վաղ միջնադարում էին նկարագրում «Հավերժ էներգիայի» աղբյուրներն ու «Հավերժական շարժիչի» գոյության հնարավորությունը կամ պատասխանում էին այն հարցին, թե «Ինչու հնարավոր չէ ստեղծել հավերժական մեքենա»:
Կարծում եմ՝ ֆիզիկան ավելի հեշտ է հասկանում նա, ով պարզապես սիրում է այն: Իսկ սկսում է սիրել, երբ հասկանում է ամենապարզ երևույթների բացատրությունները: Այս դեպքում, ինչպես ասում են իմ սովորողները, «Ֆիզիկան այդքան էլ վախենալու չի» դառնում: Այսինքն, անհրաժեշտ է սկսել մեր կյանքում, առօրյայում հանդիպող ամենապարզ իրավիճակներից: Եթե, օրինակ, վերցնենք գնդակը և բաց թողնենք որևէ բարձրությունից, առանց սկզբնական արագության, այն էլ երբեք չի կարող թռչել դրանից (այդ կետից) ավելի բարձր…
Կենտրոնացնել սովորողի ուշադրությունը հնարավոր է դառնում դասապրոցեսում քննարկվող թեմայի ընթացքում դիմելով առօրյա կյանքի երևույթներին, կենցաղին, տեխնիկայի բնագավառին, բնությանը, գիտա-ֆանտաստիկ գրքերին ու ֆիլմերին, մի խոսքով, այն ամենին, ինչը գտնվելով դասագրքի ու դասասենյակի սահմաններից դուրս՝ այդքան հետաքրքրում ու գրավում է սովորողին: Ինչու է քամին շարժում պատուհանի վարագույրներն ու նույնիսկ առագաստանավերը, սուզանավերը հասնո՞ւմ են արդյոք օվկիանոսի հատակին, ինչո՞ւ ծառերը չեն հասնում մինչև երկինք կամ հնարավո՞ր է թնդանոթից դեպի Լուսին կրակել…
Հետազոտություններն ու փորձերը միշտ էլ գրավում են սովորողներին։ Նոր տպավորություններ ունենալու անվերջանալի ցանկությունը, հետաքրքրասիրությունը, փորձ անելու մշտական ձգտումը, ճշմարտությունն ինքնուրույն որոնելը… ահա այն շարժառիթները, որոնք գրեթե երբեք անտարբեր չեն թողնում ոչ մի սովորողի: Բնության ամենատարբեր երևույթները հասկանալու համար լայն հնարավորություններ են ստեղծում կրթահամալիրում գործող նախագծային ուսուցման մեթոդներն ու բնագիտական – ուսումնական ճամփորդությունները տարվա ամենատարբեր եղանակներին: Դրանցից են, օրինակ, մեր հայրենագիտական, մշակութային «Ճամփորդություն վարպետների քաղաք Գյումրի» ու բնության ամենագեղեցիկ ֆիզիկական երևույթն ուսումնասիրելու համար «Ձմեռային այգում» մեր բնագիտական ճամփորդությունները, ուսումնական ճամբարի ընթացքում «Քայլքով դեպի սահադաշտ» մարզական ստուգատեսը, «Սահքի շփման ուժ. օգո՞ւտ, թե վնաս», ուսումնական նախագծի շրջանակում «Ֆիզիկան թեյի սեղանի շուրջ» թեյախմությունը և հեռավար ուսուցման շուրջտարյա “PhysLab” տնային փորձարարական լաբորատորիաներում իրականացված փորձերի շարքը:
Այստեղ պետք է նկատել, որ դասարանում ցուցադրվող փորձերը կամ վիրտուալ լաբորատորիաներում կատարված անիմացիոն ֆիզիկական փորձերն, իհարկե, դրական ազդեցություն են ունենում սովորողի վրա, սակայն շատ հաճախ էլ հենց իրենց կողմից դժվարությունների են հանդիպում, երբ փորձում են ձևակերպել, թե ինչ երևույթ կամ օրինաչափություն է ցուցադրում տվյալ փորձը. ամբողջական ներկայացնել փորձի նպատակը, վերլուծել արդյունքները, անել համապատասխան եզրակացություններ: Ուստի դրանք ցուցադրելուց առաջ սովորողի համար պետք է հստակ ձևակերպել ցուցադրման նպատակը:
Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող անընդհատ ու արագ զարգացող պրոցեսներն աստիճանաբար փոխում են մեզ արդեն սովորական դարձած աշխարհը, զարգանում է քվանտային ֆիզիկան, նորագույն տեխնոլոգիաներն ու նանոտեխնոլոգիաները: Ահա ևս մեկ շարժառիթ ֆիզիկայով հետաքրքրվելու համար. այնպիսի նյութեր, ինչպիսիք են «Ապագան այստեղ է», «Մաքուր էներգիայի անսպառ աղբյուր» կամ «Գերժամանակակից արագացուցիչների» օգնությամբ հայտնաբերված նոր մասնիկներն արդեն մեծ հետաքրքրություն են ներկայացնում մեր պատանիների շրջանում, ինչը և առիթ հանդիսացավ նոր բնագիտական «Ջոն Դոլթոն» կայքի ստեղծման համար:
Պատանի տիեզերասերների «Աստղագետ-ֆիզիկոսի» այս տարվա ձևավորված ընտրության խումբն իր գործունեությունն սկսեց Զորաց Քարերի (մ. թ.ա. III-II հազարամյակ) հնագույն աստղադիտարանի գաղտնիքների բացահայտումից և շարունակեց իր «Ճամփորդությունը դեպի աստղեր»: Հատկապես տպավորիչ էին գիշերային դիտումները Բյուրականի աստղադիտարանում, որոնք արագ արձագանք գտան սովորողների պատումներում` «Երբ երկինքը մոտենում է մեզ...» : Ծանոթացանք հայ անվանի ֆիզիկոսներին, հայկական աստղադիտակներին և Հերունու ռադիո-օպտիկական դիտակին, հասկացանք նրանց «Գիտական ներուժն ու գիտափորձերի կարևորությունն այսօր»: Մեր փոքրիկ արշավախումբը «Լուսինը որպես առաջին տիեզերական կայան» օգտագործելով նրա ամբողջ հմայքն ու լիալուսնի դրսևորումներն ուսումնասիրելով՝ նախագիծ «Կապույտ լուսին»-ով հերթով անցավ Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներով՝ ժամանակ առ ժամանակ կատարելով գիշերային դիտումներ Մայր դպրոցի տանիքից: Իսկ դեկտեմբերի 21 -ին հետևեցինք վերջին 800 տարվա ընթացքում տեղի ունեցած երկնային հազվագյուտ երևույթին՝ Յուպիտերի և Սատուրնի՝ միջնադարից ի վեր ռեկորդային մոտեցմանը կամ «Ամանորյա համբույրին»:
Անհնար է պատկերացնել այսօրվա ֆիզիկայի ուսուցանումն առանց ժամանակակից տեխնոլոգիական և ինովացիոն նորությունների հետ սովորողներին պարբերաբար ծանոթացնելու, դրանք որևէ ծրագրի շրջանակում օգտագործելու, ինչպես նաև առցանց ծրագրային նոր հավելումների և նոր մեդիագործիքների օգտագործման, որոնք աջակցում են դասավանդման պրոցեսին՝ դարձնելով այն ավելի հետաքրքիր ու մոտիվացնող: Իմ սովորողների կողմից արդեն սիրելի դարձած Kahoot ծրագրային հավելվածի անվճար հարթակը հնարավորություն է տալիս ուսուցանումն անցկացնել խաղային ձևաչափով՝ ցանկացած առարկայի և տարիքի համար: LearningApps և quizzes ինտերակտիվ խաղային ձևաչափերով ստեղծված ուսուցողական խաղ-վիկտորինաների, խաչբառերի, փազլների օգտագործումը ևս առավել հետաքրքիր դարձրեց ուսուցման պրոցեսը և լայնորեն օգտագործվեց սովորողների կողմից:
Լսելով իմ սովորողներին, ծանոթանալով նրանց հետաքրքրություններին ու նոր գաղափարներին, մասնակցելով Ամերիկյան Համալսարանում կազմակերպված «Բնագիտամաթեմատիկական կրթություն հայ երիտասարդների համար» զարգացման կրթական ծրագրերին և վերլուծելով այդ ամենն՝ ակնհայտ է դառնում, որ թևակոխում ենք էական փոփոխությունների ու տեղաշարժերի նոր դարաշրջան, և որպեսզի մարդը կարողանա վաղվա աշխարհում էլ իր տեղը գտնել ու շարժվել ժամանակին համահունչ, պետք է սկսի այսօրվանից, սովորելուց: Իսկ սովորելու ցանկությունը մեծանում է միայն այն դեպքում, երբ երեխան ակնհայտ տեսնում է սովորելու և իր կյանքի որակի բարելավման ուղիղ կապը, երբ վստահ է լինում, որ այն, ինչ սովորում է, օգնելու է իրեն ունենալ իր ճաշակով կառուցած այնքան թանկ կյանքը:
Զարգացնելով սովորելու արվեստը, ինքներս ենք կատարելագործվում, «Փոխում ենք աշխարհը, կերտում ստեղծարար նոր սերունդ»…