Մարտի 7-ին և 8-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ «Ակտիվ Ուսումնառություն ԳիտՍԵՐունդի հետ» համաժողովն ու ընդլայնված աշխատարանները՝ առկա ձևաչափով։ Կրթական այս հարթակի ծրագրի նպատակն է ԳՏՃՄ առարկաներն սովորողների համար դարձնել հետաքրքիր և հաղթահարելի՝ այդպիսով մեծացնելով այդ ոլորտներում մասնագիտանալ ցանկացողների թիվը։
Մեր կրթահամալիրի 7-10 դասարանի մի խումբ սովորողներ մասնակցեցին մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և ինֆորմատիկա առարականերից ԳիտՍԵՐունդի ռեսուրսներով կազմակերպած դասընթացներին: Նախագծային մոտեցումներ, թիմային աշխատանք, համագործակցային առաջադրանքներ, նորագույն տեխնոլոգիաների ակտիվ ներառում ուսումնառության մեջ... ուզում եմ ուրախությամբ նշել, որ այս ամենը մեզ համար արդեն հարազատ ու մշտական դարձած մոտեցումներ են մեր ամենօրյա աշխատանքային գործընթացում:
Համաժողովի շրջանակներում անցկացվեցին պանելային քննարկումներ, դասավանդման և ուսումնառության նոր մոտեցումների և մեթոդների, առարկայական չափորոշիչների, ռեսուրսների և այն ամենի մասին, ինչը կնպաստի լավ ուսումնական գործընթացի կազմակերպամանը: Եղան նաև հանդիպումներ, հարց ու պատասխաններ ոլորտի լավագույն և իրենց բնագավառում կայացած ու հաջողված մասնագետների հետ։ Կարծում եմ՝ ծրագրի մեծագույն արդյունքներից մեկն այն է, որ ակնհայտ է դառնում, թե ինչպես են ուսումնառության ակտիվ միջոցները երեխայի համար փոխում սովորելու միջավայրը: