07 Jun
07Jun

«Աստղային ամառ» -Ճամբարային ճամփորդական նախագիծը այն ամենի մասին է, ինչը կապված է տիեզերքի և աստղագիտության, մոլորակների, աստղերի, արևի ու միջմոլորակային երևույթների՝ ինչպես նաև թռչող չհայտնաբերված օբյեկտների հետ: Այս բոլոր անսահման զարմանալի երևույթները մեզ ստիպում են մտածել անհավատալի աշխարհի մասին, որը գոյություն ունի փոքրիկ Երկիր մոլորակից դեպի անծայրածիր տիեզերք:  

Հունիսի 6-ին Միջին դպրոցի ճամբարականների մեր ջոկատը ճանապարհ ընկավ դեպի Բյուրականի աստղադիտարան՝  ամառային երկնքի գիշերային դիտումների: Մեր ճամփորդությանը միացան նաև ծնողներ և ճամբարականներ՝ Զովաբերից (Խաչատրյան Սամվել, Բաբայան Բաբկեն):

Աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա: Այն տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն  կենտրոններից մեկն  է: Հիմնվել է 1946 թվականին աստղաֆիզիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս և ՀՀ ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով:

Սկզբում մեզ ուղեկցեցին Վ. Համբարձումյանի տուն-թանգարանը, որտեղ ներկայացրեցին մեծանուն գիտնականի կենսագրությունը, նրա ընտանիքի պատմությունը, աստղաֆիզիկոսի մասնագիտական ուղին և Հայաստանի գիտության զարգացման ոլորտում նրա ունեցած բացառիկ նշանակության մասին հարուստ նյութեր, բազմաթիվ դիպլոմներ, գիտական աշխատանքներ, ձեռագրեր, պատվոգրեր ու պարգևներ: 

Իսկ հետո... այդքան սպասված աստղադիտումը մեծ դիտակով...

Աստղագիտության ստեղծման պատմությունը, հին մարդկանց պատկերացումները տիեզերքի և երկնային մարմինների մասին, հնագույն աստղադիտարաներ ( Քարահունջ, Սթոունհենջ), ո՞վ է ստեղծել առաջին աստղադիտակը, ի՞նչ կառուցվածք ունի այն, ինչպիսի՞ աստղադիտակներ կան այս և այլ հարցերի պատասխաններից հետո անցանք երկնքի անծայրածիր ու անհամար թվացող աստղերի ու համաստեղությունների ուսումնասիրմանը: Մեծ Արջի, Կարիճի, Աղեղնավորի համաստեղություններին ծանոթանալուց հետո ճամբարականները՝ աստղադիտարանի երիտասարդ աշխատակից Անդրանիկի օգնությամբ կարողացան կողմնորոշվել նայելով երկքի աստղային քարտեզին, գտան Բևեռային աստղը:

Գիշերային դիտումները աստղադիտակով շատ տպավորիչ էին: Թեև ամռանը մոլորակները հիմնականում ցածր են հորիզոնից, բայց մենք տեսանք Մեծ Արջի համաստեղության աստղերից՝  Ֆեկդան, որը գտնվում է 60 լուսային տարի հեռավորությոն վրա, և երկնքի հյուսիսային կիսագնդի ամենապայծառ ամենապայծառ աստղերից՝ Վեգան(լուսավորությունը 54 անգամ մեծ է արեգակնայինից)։ Չնայած այն հանգամանքին, որ երկինքը երբեմն խանգարում էր մեր դիտումներին՝ ժամանակ առ ժամանակ ամպերը ծածկում էին մեր դիտարկվող երկնային մարմինը, սակայն դա չխանգարեց մեզ 30 սմ տրամագիծ ունեցող հայելային աստղադիտակով ուսումնասիրել մեզ ամենամոտ գտնվող երկնային մարմինը՝ Լուսինը: Առանձնահատուկ և սպասված են Լուսնի մակերևույթի դիտումները: Օրը հագեցած էր տիեզերքին նվիրված ամենատարբեր տեղեկություններով, հարց-պատասխաններով ու խաղերով:  

Նոր զգացողություններով մեր «տիեզերական արշավախմբի» մասնակիցները 23:00 արդեն Երևանում էին: Մասնակիցները մեծ տպավորություններով վերադարձան տուն՝ սպասելով նոր հետազոտությունների և ակնկալելով նոր բացահայտումներ …



Comments
* The email will not be published on the website.