18 Oct
18Oct

Սովորող-սովորեցնող նախագիծ՝ «Աշնանային երկնքի հետազոտման գործիքներ» (աստղադիտակի կառուցվածքն ու կիրառումը) աշնանային հավաքի շրջանակներում․

Մասնակիցներ՝ «Պատանի հետազոտողի ակումբ» /Միջին դպրոցի ֆիզիկոս աստղագետ ընտրության խմբի/ և «Տիեզերք» /Ավագ դպրոցի աստղագիտության ընտրության խմբի/ սովորողներ Տիգրան Հարությունյան։

Նախագծի նպատակը՝  Ծանոթացում օպտիկա բաժնի հետևյալ թեմաների և աստղադիտակների հետ /լույս, լույսի աղբյուրներ, լույսի տարածումը տարբեր միջավայրերում, ոսպնյակ, աչքի կառուցվածք, աստղադիտակներ, նրանց կառուցվածքը, տեսակներն ու կիրառումը/։ 

Որպես ուսումնական գործիք՝ կրթահամալիրի Celestron Nexstar 8SE աստղադիտակը։

Ինչ է լույսը և ինչպես է այն տարածվում ? Այս հարցի պատասխանը մարդկությունը փնտրել է հնագույն ժամանակներից: Սակայն նույնիսկ XVII դարում գիտնականները չունեին միասնական կարծիք. նրանց մի մասը, այդ թվում`   Իսահակ Նյուտոնը, պնդում էր, որ լույսը թեթևագույն մասնիկների հոսք է, մյուսները՝ որ այն կազմված է ալիքներից:

Լույսը ճառագայթման տեսակներից է: Լուսարձակում են Արեգակը, էլեկտրական լամպը և շիկացած այլ առարկաներ:
Լույսը կարող է թափանցել ապակու և ջրի միջով, սակայն բազմաթիվ այլ նյութերից այն անդրադառնում է: Լույսի շնորհիվ մենք տեսնում ենք, այն օգնում է մեզ հաղորդակցվելու մեզ շրջապատող միջավայրի հետ:Արեգակը, էլեկտրական լամպը, հեռուստացույցը կամ պարզապես կրակը լուսարձակում են իրենց սեփական լույսը: Սակայն առարկաների մեծ մասը չունի սեփական լույս. մենք դրանք տեսնում ենք միայն այն բանի շնորհիվ, որ նրանց անդրադարձրած  լույսն ընկնում է մեր աչքերի մեջ: Լույսի ամենամեծ քանակությունն անդրադարձնում են սպիտակ մակերեվույթները, այդ պատճառով դրանք այդպես վառ են երևում: Սև մակերեվույթներն իրենց վրա ընկնող լույսը գրեթե չեն անդրադարձնում: Հայելուց լույսն անդրադառնում է գրեթե ամբողջությամբ, և մենք հայելում տեսնում ենք առարկաների արտացոլումը: Սովորաբար լույսը տարածվում է ուղղագիծ: Եթե ճանապարհին այն հանդիպում է արգելքի, ապա այնտեղ, որտեղ լույսը չի թափանցում, առաջանում է ստվեր: Եթե լույսը ապակու, ջրի կամ ցանկացած այլ թափանցիկ միջավայրի մեջ ընկնում է 90 աստիչանից տարբերվող անկյան տակ, ապա այն փոխում է իր ուղղությունը: Այս երևույթն անվանում են բեկում կամ ռեֆրակցիա. պատճառն այն է, որ օդից տարբեր այլ թափանցիկ միջավայրերում լույսն ավելի դանդաղ է տարածվում, քան օդում: Հենց բեկման պատճառով է ջրով լի բաժակի մեջ ընկղմված ծղոտը կոտրված երևում:

Գույներ և ալիքներ. Սպիտակ լույսը ծիածանի բոլոր գույների խառնուրդ է: Երբ սպիտակ լույսն անցնում է պրիզմայի (ապակե եռանիստի) միջով, ապա այդ լույսը կազմող գույների ճառագայթները բեկվում են տարբեր աստիճանով, և առաջանում է սպեկտր կոչվող գույների հավաքածու: 

Տեսանելի լույսը էլեկտրամագնիսական ալիքների մի ամբողջ ընտանիքի ընդամենը մեկ ներկայացուցիչն է: Իսկ մյուսները՝ ենթակարմիր և անդրամանուշակագույն ճառագայթումներն են, ռադիոալիքներն ու ռենտգենյան ճառագայթները: Այս բոլոր ալիքները տարածվում են նույն՝ մոտ 300000 կմ/վ արագությամբ: Տիեզերքում լույսից ավելի արագ ոչինչ չի շարժվում: Եթե մենք կարողանայինք սլանալ լույսի արագությամբ, ապա մեկ վայրկյանում ավելի քան յոթ անգամ կպտտվեինք Երկրի շուրջը:  Թեև լույսը շարժվում է 300000 կմ/վ արագությամբ, սակայն ամբողջ ութ րոպե է հարկավոր, որպեսզի այն անցնի 150 մլն կմ հեռավորությունը և Արեգակից հասնի Երկիր: Մեկ տարում լույսի ճառագայթի անցած ճանապարհն անվանում են լուսատարի: Մինչև աստղերը եղած հեռավորությունները աստղագետները չափում են լուսատարիներով: Որոշ աստղեր Երկրից հեռու են միլիոնավոր լուսատարիներ:

Comments
* The email will not be published on the website.