Հոկտեմբերի 10 - /Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր/
Ընդհանուր պարապմունքը կվարեն՝ Մանե Օհանջանյան, Ժասմին Պետրոսյան, Մարիամ Մելիքյան, Մերի Ներսիսյան, Ալլա Առաքելյան
Հոկտեմբերի 10 ժամը՝ 9։00-9։15
Միասնական ընթերցում․
Աշուն / Համո Սահյան/
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Տիեզերք /Ինտերակտիվ-հարցաշար/
1․ Որքա՞ն մոլորակ կա Արեգակնային համակարգում?
2․ Ո՞ր կենդանին է առաջին անգամ եղել տիեզերքում։ Ինչպես էր նրա անունը?
/Առաջին կենդանին, որը դուրս եկավ Երկրի ուղեծիր, Լայկա անունով շունն էր, 1957 թ․-ին Sputnik 2 խորհրդային տիեզերանավով պտտվեց Երկրի շուրջը/։
3․ Ճ՞իշտ է արդյոք, որ Արեգակնային համակարգից դեռևս ոչ մի տիեզերանավ դուրս չի եկել։
/«Վոյաջեր 1»-ը, որը արձակվել է 1977 թվականին, Արեգակնային համակարգի սահմանգծին է հասել և այն հատել 2012 թվականին։ Այն դարձավ առաջին արհեստական օբյեկտը, որը դուրս եկավ միջաստղային տարածություն/։
4․ Ո՞վ է առաջինն ուղղել դիտակը դեպի երկինք, դարձնելով այն աստղադիտակ, և ստացել է առաջին գիտական տվյալները։
/1609 թ-ին իտալացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Գալիլեո Գալիլեյը իր ձեռքերով պատրաստեց մի դիտակ և այն ուղղեց դեպի աստղալից երկինք: Գալիլեյի դիտակը մեծացնում էր ընդամենը 3 անգամ, սակայն դրա օգնությամբ գիտնականը բազմաթիվ նոր երկնային մարմիններ տեսավ և այնքան պայծառ, ինչպես ոչ ոք դեռևս չէր տեսել/:
5․ Մարսի վրա երբևէ մարդ եղել է?
/Մարսը մեզանից ընդամենը 54,717,696 կմ հեռավորության վրա է։ Սա այնքան էլ շատ չէ տիեզերական հեռավորությունների համատեքստում, սակայն մարդիկ դեռևս ոտք չեն դրել Կարմիր մոլորակի վրա։ Դա սպասվում է մոտակա 4 տարիների ընթացքում/։
6․ Արեգակնային համակարգի 8 մոլորակների թվում կա՞ն արդյոք այնպիսիք, որոնց երբևիցե չեն մոտեցել տիեզերանավերը։
/Տիեզերանավերը մոտեցել են Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներին։ Նրանք հասել ու պտտվել են Ուրանի և Նեպտունի կողքով, մտել են Մերկուրիի, Յուպիտերի և Սատուրնի ուղեծրերը և վայրէջք կատարել Մարսի և Վեներայի մակերեսին:
7․ Կարո՞ղ եք ասել, թե քանի արևածագ և մայրամուտ են տեսնում Միջազգային Տիեզերական Կայանում գտնվող տիեզերագնացները մեկ օրվա ընթացքում։
/Կայանի տիեզերագնացները ամեն օր տեսնում են 16 արևածագ և մայրամուտ, քանի որ Երկրի շուրջ մեկ պտույտը կայանը կատարում է 90 րոպեն մեկ/:
Շարունակում ենք ուսումնական պարապմունքը միասնական պարերգով՝ Սև Գյուլի։
Միասնական ընթերցում՝
Համո Սահյան
***
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Մաղթում ենք գիտելիքներով լի հաճելի ուսումնական շաբաթ։