20 Sep
20Sep

Գիշերային աստղադիտումներ Բյուրականում

Սեպտեմբերի 18-ին Հայաստանում նշվում է աստղագիտության օրը՝ ի պատիվ հայ մեծանուն գիտնական, աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս և Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանի: Այս տարի նշվում է գիտնականի ծննդյան 113-ամյակը: (Վ.Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում որպես աստղագիտության օր է նշվում՝ 2009թ-ից սկսած)։

Այստեղ օդը մաքուր է, եղանակն էլ այսօր անամպ, իսկ երկինքն ավելի մոտ ու աստղազարդ...Ահա այն ամենն, ինչը բարենպաստ պայմաններ ստեղծեց տիեզերքի հեռուները բացահայտելու մեկնած մեր կրթահամալիրի պատանի ճանապարհորդների համար: Նոր տպավորություններով ու զգացումներով լի օր ունեցան  Միջին դպրոցի մի խումբ սովորողներ, ովքեր այցելել էին ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա գտնվող Բյուրականի աստղադիտարանի միջազգային գիտական կենտրոն: Այսօրվա ճամփորդությունը տարբերվում էր իր բնույթով, դրանք գիշերային աստղադիտումներ էին և երկնքի ուսումնասիրում, ինչը մանրամասն ներկայացրեցին աստղադիտարանի երկու երիտասարդ աշխատակիցներ՝ Անդրանիկն ու Արշալույսը: Սկզբում սովորողները տեղեկություններ ստացան Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին, շրջեցին աստղադիտարանի տարածքով, որտեղ ապրել ու աշխատել է հայտնի աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս և Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը, իսկ այնուհետև ծավալվեց հետաքրքիր ուսուցողական զրույց: Աստղագիտության ստեղծման պատմությունը, հին մարդկանց պատկերացումները տիեզերքի և երկնային մարմինների մասին, հնագույն աստղադիտարաներ ( Քարահունջ, Սթոունհենջ), ով է ստեղծել առաջին աստղադիտակը, ինչ կառուցվածք ունի այն, ինչպիսի աստղադիտակներ կան այս և այլ հարցերի պատասխաններից հետո անցանք երկնքի անծայրածիր ու անհամար թվացող աստղերի ու համաստեղությունների ուսումնասիրմանը: Մեծ Արջի, Կարիճի, Աղեղնավորի համաստեղություններին ծանոթանալուց հետո սովորողները իմացան, թե ինչպես կարելի է կողմնորոշվել՝  երկինք նայելով, գտան Բևեռային աստղը:

Իսկ հետո, նախ անզեն աչքով, ապա 30 սմ տրամագիծ ունեցող հայելային աստղադիտակով տեսանք Սատուրնը՝ իր օղակներով, Յուպիտերը՝ իր 4 արբանյակներով, Վեներան և վերջում մեզ ամենամոտ գտնվող երկնային մարմինը՝  Լուսինը: Առանձնահատուկ էին Լուսնի մակերևույթի դիտումները (պետք է ասել, որ տպավորությունն ուղղակի ֆանտաստիկ էր): Օրը հագեցած էր տիեզերքին նվիրված ամենատարբեր տեղեկություններով, հարց-պատասխաններով ու խաղերով:

Նոր զգացողություններով մեր «տիեզերական արշավախմբի» մասնակիցները 22:00 արդեն Երևանում էին: Մասնակիցները մեծ տպավորություններով վերադարձան տուն՝ սպասելով նոր հետազոտությունների և ակնկալելով նոր բացահայտումներ …


Սովորղների պատումները.

Սամվել Մխիթարյան
Արեգ Հարությունյան
Էդմոն Սահակյան
Նատալի Ավագյան
Անի Ալեքսանյան

Արես Հակոբյան 



Comments
* The email will not be published on the website.