Գիտելիքի օրն այսօր Միջին դպրոցի մի խումբ սովորողներ անցկացրեցին Արայի լեռան (Արագածոտնի մարզ) բարձունքին: Այն հատկապես բացառիկ էր Միջին դպրոցի այս տարի մուտք գործած 6-րդ դասարանի սովորողների համար, ովքեր բարձր տրամադրությամբ և ոգևորվածությամբ մասնակցեցին այսօրվա արտակարգ գիտելիքի օրվան նվիրված նախագծին:
Ուստարվա մեկնարկի կապակցությամբ կազմակերպված բարձունքի հաղթահարման նախագծի շրջանակում ունեցանք ուխտագնացություն դեպի Արա լեռան հարավային ստորոտի քարանձավում գտնվող վանքը՝ Ծաղկեվանք (Ծաղկեվանք կամ Կույս Վարվառան քարանձավում փորած վանք): Իմացանք վանքի խորհրդավոր գաղտնիքը, թե ինչու առաստաղից հոսող ջուրը երբեք չի կտրվում և էլի նրա շուրջ կապված շատ ուրիշ ավանդազրույցներ: Եղանք նաև Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղ մեր սովորողները զարմացրեցին Կոմիտասի շարականների իրենց իմացությամբ և գեղեցիկ կատարումներով:
Չնայած արտակարգ պայմանների սահմանափակումներին, մեզ հաջողվեց կազմակերպել գեղեցիկ ու հագեցած նոր ուսումնական տարվա մեկնարկ: Իսկ վերջում մեր սովորողները ստացան քահանայի օրհնությունն ու բարեմաղթանքերը գիտելիքի օրվա կապակցությամբ: