Ամռան վերջին օրերն են, օգոստոսի վերջին հիասքանչ առավոտները, երբ հանկարծ զգում ես, որ փոխվել է օդի հոտն ու հասկանում, որ գալիս է սեպտեմբերը․․․
Օգոստոսի 30-ին Միջին դպրոցի մուտքի ճամբարականները ճանապարհ ընկան գեղատեսիլ Արատեսի դպրական կենտրոն՝ դպրոց բնության գրկում /նախագիծ/։ Առաջին լուրջ փորձությունը ճամբարականների համար Սմբատաբերդի բարձունքն էր․․․ Պաշտպանական նշանակություն ունեցող այս ռազմական անառիկ ամրոցը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան մասում` ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա, հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, որտեղ բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով։ Բնապատկերների զարմանահրաշ շղթան, մաքուր օդը, սառը քամին, լռությունը, ազատության աննկարագրելի զգացողությունը թույլ չի տալիս դժվարություն զգալ բարձունքը հաղթահարելու ճանապարհին։
Մարդաշատ է Արատեսի դպրական կենտրոնը։ Այստեղ ամենատարբեր նախագծերով ստուգատեսային և հետազոտական ակտիվ գործունեությունն են ծավալում մեր կրթահամալիրի տարատարիք սովորողները, դասավանդողներն ու հյուրերը։
Մեզ դիմավորեցին Ավագ դպրոց-վարժարանի ռազմամարզական ճամբարի 24 հոգանոց ջոկատի անդամները, ովքեր իրենց հրամանատարի ղեկավարությամբ ներկայացրեցին ռազմամարզական ցուցադրական խաղեր, պաշտպանական և առաջին բուժօգնության հնարքներ, որոնք զուգակցվում էին պատանների մոտ միասնական գործելու, թիմի գաղափարի մասին կարևոր հրահանգներով և խորհուրդներով։
Եվս մեկ օր և կմեկնարկի նոր ուսումնական տարին․․․ Գիտելիքի օրվա առավել լավ մեկնարկ նույնիսկ չի էլ կարելի պատկերացնել։ Օրն սկսվեց ամենօրյա առավոտյան նախավարժանքով և վազքով։ Նախաճաշ, տարածքի մաքրում, բերքահավաք, լող Արատես գետում, մաթեատիկական ֆլեշմոբ, բնագիտական հետաքրքրշարժ խաղեր, խոհանոցային միասնական գործունեություն և այլն։ Օրվա ընթացքում երեխաները մասնակցեցին նաև «Բնության գունապնակ» նկարչական պլեներին և մեղվաբուծության լաբորտորիայում Արմինե Գոգինյանի դասընթացին։
Նույն օրը Արատես ժամանեցին նաև մանկավարժական ճամբարի մի խումբ դասավանդողներ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն տիար Բլեյանի ուղեկցությամբ։ Միասին կազմակերպեցինք քայլարշավ՝ իջնելով Արատես գետի կիրճում գտնվող Խաչոց ձոր տեղանքը։ Իսկ երեկոյան հավաքվեցինք մեծ խարույկի շուրջ միասնական պարուսուցման։ Հետաքրքիր զրույցներ տիեզերքի, աստղերի և մոլորակների մասին, իսկ վերջում՝ Արատեսյան գիշերային երկնքի աստղադիտում կրթահամալիրի դիտակով։
Արատեսը մշտապես լի է հյուրերով։ Այս անգամ մեզ մոտ էին ժամանել Հետք լրատվականի անձնակազմը։ Ունեցանք նկարահանումներ և հարցազրույցներ մեր ճամբարային առօրյայից։։
Գիելիքի օրվա ահա այսպիսի անմոռանալի մեկնարկ ունեցան Միջին դպրոցի մուտքի ճամբարականները։ Նոր տպավորություններով ու էներգիայով լիցքավորված հիմա արդեն վստահ կարելի է սկսել նոր ուսումնական տարին․․․
Արատեսյան օրերի գունապնակն այստեղ` նայիր տեսանյութը․