Հոկտեմբերի 1-ից 6-ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի համազգային Գիտության շաբաթ։ Գիտության շաբաթվա բազմաչափ և ապակենտրոնացված միջոցառումները կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլև մարզերում՝ նպատակ ունենալով հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնել գիտության կարևորությունը։
Ի՞նչ է գիտությունը։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում։ Ինչպե՞ս է գիտական միտքը տեսությունից ու գիտափորձից անցնում պրակտիկ կիրառության։ Ինչպե՞ս են անցկացվում գիտափորձերը։ Ի՞նչ գիտական ինստիտուտներ կան Հայաստանում։ Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններն է տալիս Գիտության փառատոնին նվիրված միջոցառումների շարքը։
Վեց օր շարունակ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունենալիք գիտության փառատոնին կմասնակցեն գիտական ինստիտուտներ, համալսարաններ, ինչպես նաև կրթական և տեխնոլոգիական համայնքի կազմակերպություններ ու ընկերություններ։ Գիտության փառատոնի նվիրված միջոցառումներ ծրագիրն Ազատության հրապարակում բաժանված է երեք թեմատիկ մասերի։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը իր մասնակցությունն է ունենալու «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը։ Այս շաբաթվա ընթացքում կանցկացվեն բաց դաս-պարապմունքներ, բնագիտական մրցույթ-վիկտորինաներ՝ տարատարիք սովորողների համար, ինչպես նաև մեր բնագիտական լաբորատորիաներում կանցկացվեն բազմաթիվ գիտափորձեր, որոնց արդյունքում նկարահանված տեսանյութերը կուղարկվեն փառատոնի կազմակերպիչներին։ Կունենանք նաև հրավիրված երիտասարդ գիտնականի հետ զրույց-քննարկումներ։ Նախատեսվում է կրթահամալիրի մի խումբ սովորողների այց Ազատության հրապարակ, որտեղ տարբեր տաղավարներում անցկացվող միջոցառումները կբացահայտեն գիտության ամենօրյա ներկայությունը մեր կյանքում, ինչպես նաև կպատասխանեն այնպիսի հարցերին, ինչպիսին են՝
Ինչո՞ւ դառնալ ֆիզիկոս կամ քիմիկոս։
- Ինչո՞վ է հետաքրքիր նյարդաֆիզիոլոգ լինելը։
- Ի՞նչ տպավորիչ երևույթների հետ գործ ունեն տիեզերագետները։
Կծանոթանան գիտական ֆանտաստիկային. գրականությունից մինչև կինո, կոմիքսներից մինչև նկարչություն, կմասնակցեն տարատեսակ մրցույթների, կունենան զրույցներ տիեզերքի մասին, ինչպես նաև կմասնակցեն աստղադիտումներին։ Մասնակիցները կծանոթանան վերջին գիտական հայտնագործություններին, կշփվեն գիտնականների հետ, իրենց ուժերը կփորձեն տարբեր նախագծերում:
Գիտության շաբաթ նախագիծը նախատեսում է մի շարք բազմաձևաչափ և ապակենտրոնացծված միջոցառումներ, որի հիմնական թեման է՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը», ինչը ևս մեկ անգամ ընդգծում է համատեղ ջանքերը՝ գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում դարձնելու առաջնահերթություն և զարգացման գլխավոր գործիք։ Այս միջազգային տարածված ձևաչափը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ գիտության մասին խոսելու , այն կարևորելու, գիությունը հանրայնացնելու, սովորողների մասնագիտական հարթակ դառնալու տեսանկյունից։
Գիտության շաբաթվա ընթացքում նախատեսվող միջոցառումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.armsciweek.am/festival