Գիշերային աստղադիտումներ Բյուրականում.
Այստեղ օդը մաքուր է, եղանակն անամպ, իսկ երկինքն ավելի մոտ ու աստղազարդ...Ահա այն ամենն ինչը բարենպաստ պայմաններ ստեղծեցին տիեզերքի հեռուները բացահայտելու մեկնած մեր կրթահամալիրի պատանի ճանապարհորդների համար:
Նոր տպավորություններ ու զգացումներով լի օր ունեցան Միջին դպրոցի մի խումբ սովորողներ, ովքեր այցելել էին ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա գտնվող Բյուրականի աստղադիտարանի միջազգային գիտական կենտրոն: Այսօրվա ճամփորդությունը տարբերվում էր իր բնույթով, դրանք գիշերային աստղադիտումներ էին և երկնքի ուսումնասիրում, ինչը մանրամասն ներկայացրեցին աստղադիտարանի երկու երիտասարդ աշխատակիցներ՝ Անդրանիկն ու Արշալույսը:
Սկզբում սովորողները տեղեկություններ ստացան Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին, շրջեցին աստղադիտարանի տարածքով, որտեղ ապրել ու աշխատել է հայտնի աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս և Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը, իսկ այնուհետև ծավալվեց հետաքրքիր ուսուցողական զրույց:
Աստղագիտության ստեղծման պատմությունը, հին մարդկանց պատկերացումները տիեզերքի և երկնային մարմինների մասին, հնագույն աստղադիտարաներ ( Քարահունջ, Սթոունհենջ), ով է ստեղծել առաջին աստղադիտակը, ինչ կառուցվածք ունի այն, ինչպիսի աստղադիտակներ կան այս և այլ հարցերի պատասխաններից հետո տեղափոխվեցինք երկնքի անծայրածիր ու անհամար թվացող աստղերի ու համաստեղությունների ուսումնասիրմանը: Մեծ Արջի, Կարիճի, Աղեղնավորի համաստեղություններին ծանոթանալուց հետո սովորողները իմացան թե ինչպես կարելի է կողմնորոշվել երկինք նայելով, գտան Բևեռային աստղը: Հետո, նախ անզեն աչքով, ապա աստղադիտակով տեսանք Սատուրնը իր օղակներով, Յուպիտերն իր 4 արբանյակներով, Մարսը կամ Կարմիր մոլորակը և վերջում մեզ ամենամոտ գտնվող երկնային մարմինը՝ Լուսինը: Առանձնահատուկ էր Լուսնի մակերևույթի դիտումները (պետք է ասել, որ տպավորությունն ուղակի ֆանտաստիկ էր):
Փոքրիկ էքսկուրս կատարեցինք նաև Բյուրականով: Մեր խմբին սիրով միացել էր աստղադիտարանի երիտասարդ աշխատակից Արշալույսը, ով ամբողջ էքսկուրսի ընթացքում պատասխանում էր երեխաների զարմանալիորեն բավականին լավ իրազեկված ամենատարբեր հարցերին: Օրը հագեցած էր տիեզերքին նվիրված ամենատարբեր տեղեկություններով, հարց-պատասխաններով ու խաղերով:
Նոր զգացողություններով մեր «տիեզերական արշավախմբի» մասնակիցները կեսգիշերին մոտ վերադարձան տուն, սպասելով նոր հետազոտությունների և ակնկալելով նոր բացահայտումներ …
Լուսին- լուսին...