Ամռան վերջին օրն է: Չնայած արևային շոգ օրերի ավարտը շատերին է տխրեցնում, մենք, այնուամենայնիվ, ամառը ճանապարհում ենք ուրախ ու հաճելի ճամփորդությամբ՝ Սևանի ափին, անտառի մեջ տեղակայված Վաղաշենի բնապահպանական ճամբարում:
Միջին դպրոցի տասնինը հոգանոց բնապահպան-ճամբարականների խումբը օգոստոսի 31-ին ընդունեց Վաղաշենում տեղակայված վրանային ճամբարի տասնյոթերորդ հերթափոխը:
Եղանակը շատ բարենպաստ էր՝ ոչ քամի, ոչ անձրև, և մեր բնապահպանական աշխատանքներին, մարզումներին և լողին ոչինչ չխանգարեց։ Ամեն ինչ իրականացվեց ըստ ծրագրի։
Հետաքրիր փաստ է, որ բնապահպանական աշխատանքները դառնում են վարակիչ ափում հայտնված՝ ոչ ճամբարական հանգստացողների համար։ Երբ սովորողների համերաշխ խմբով՝ աշխատանքային գործիքներով, ձեռնոցներով, զվարթ ջոկատավարներով անցնում ես ափով, գործի ես դնում փոցխն ու աղբի տոպրակը, ոգևորում ես աշխատանքային ընթացքը, ձեռք ես մեկնում դժվարացողին, ընթացքում խոսում ես այդ աշխատանքի կարևորության մասին, հանկարծ տեսնում ես, որ ափին պառկած հայրիկը իր պստիկ աղջնակի հետ աննկատ միանում է մաքրման աշխատանքին, վերցնում է բահը ու ջանասիրաբար ազատում ափը աղբից։ Սիրալիր շնորհակալություն ես հայտնում, ի պատասխան՝ մենք ենք շնորհակալ, լավ գործ եք անում։ Այ, այսպիսի բաներ։ Իսկ առավոտյան նախավարժանքն ու լողը Սևանի ափին․․․ միայն այս տեսարանը բավական է նոր լիցքեր ու էմոցիաներ փոխանցելու համար ճամբարականներին․․․
Ահա այսպես ուսումնական սեպտեմբերի մեկը դարձավ մաքրության, լողի, ուրախության ու համերաշխ աշխատանքի օր․․․