Հունվարի 15-ին բնագիտական ստուգատեսի շրջանակներում ՄՍԿՀ կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցների սովորողները եղան ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Շրջեցին ռազմական համալսարանի տարածքում, ծանոթացան ուսանողների գործունեությանն ու կրթական մեթոդների առանձնահատկություններին։
Մուտքի մոտ մեզ դիմավորեցին իրենց ծառայական հերթապահությունն իրականացնող ապագա սպաները և ուղեկցեցին համալսարանի թանգարան։ Սովորողները ծանոթացան պատմության հիշարժան էջերին, իմացան մանրամասներ մեր փառավոր հերոսների կյանքից, լսեցին նրանց բազմաթիվ սխրանքների մասին, դիտեցին հազվագյուտ ցուցանմուշներ: Զինատեսակներին և զենքերի հետ վարվելու անվտանգության կանոններին սովորողները ծանոթացան համալսարանի հրաձգարանում։ Ներկայացվեց զենքի կառուցվածքը, անվտանգության կանոնները և ճիշտ ու դիպուկ կրակելու ձևերը, ինչպես նաև խոսվեց բնագիտական առարկաների, և հատկապես ֆիզիկայի դերի և նշանակության մասին արդիական բանակ ունենալու համար: Իսկ հրաձգարանում… զարմացած էին բոլորը, երբ հերթական նշանկետին մոտեցան մեր 8-րդ դասարանի փոքրիկ ու համարձակ աղջիկները: Լուիզա Եղիազարյանի ցուցաբերած բացառիկ արդյունքից բոլորն էին մի պահ քարացել, նույիսկ փորձառու սպաները: 70-ից 69: Ահա Լուիզայի ցուցաբերած արդյունքը: Առաջին անգամ զենքի մոտ ու այդպիսի արդյունք...Համարյա թե նույնպիսի արդյուք գրանցեց նաև Մանուկյան Սաթենիկը: Մեր փոքրիկ դիպուկահարները բացահայտված են:
Այցելության ընթացքում ստացած դրական տպավորությունների և կրթահամալիրի սովորողների ու առօրյայի հետ անմիջական շփման արդյունքում սովորողներն ավելի կարևորեցին մեր բանակի, կրթված զինվորների ու սպաների դերը առողջ հասարակություն ստեղծելու գործում:
Պայմանավորվեցինք, որ նմանօրինակ այցելությունները կրելու են փոխհամագործակցային բնույթ ։
Դիտեք տեսանյութը: